ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հունիսի 3-ին Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը 100 մ վազքում 12.28 արդյունքով դարձել է չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անգելինա Ավագյանը, 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13):
Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, իսկ Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (50.93):
Թիմային հաշվարկով աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդը:
Առաջնությանը մասնակցել են Բալկանյան 17 երկրի աթլետներ: Հայաստանը ներկայացրել են Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը: