ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի երաժիշտ, գործարար և բարեգործ Վլադիմիր Ավետիսյանը և «D'Black Blues Orchestra» խումբը Երևանում կներկայացնեն «The Anthology of Blues» խորագրով մեծ բլյուզ համերգային ծրագրի պրեմիերան` Առաջին Հանրապետության 99–ամյակի առթիվ։
«Մենք ինը տարի պատրաստվել ենք այս պայծառ օրվա համար», – ասաց խմբի հիմնադիր և մենակտար Վլադիմիր Ավետիսյանը։
Նրա խոսքով` ծրագիրը, որը նրանք վաղը կներկայացնեն, այսպես ասած հաշվետվություն է խմբի անցած երաժշտական ուղու մասին։
«Անթոլոգիան» կապված չէ թվերի, տարեթվերի հետ։ Մենք այդպես ենք տեսնում մեր երաժշտությունը, դրա փոփոխությունները երկար տարիների ընթացքում, ինչը մենք կարողացանք մտցնել համաշխարհային բլյուզային ստանդարտների ընկալման մեջ», – նշեց երաժիշտը։
Նա հավելեց, որ խումբը բաղկացած է տարբեր ազգերի և երկրների ներկայացուցիչներից` Աֆրիկայից մինչև Եվրոպա։ Այդ պատճառով էլ հնչողությունը շատ գունեղ կլինի։
«Ամեն մի ազգի ներկայացուցիչ, ամեն մի երաժիշտ իր հոգու մի մասնիկն է ներդնում` այսպիսով յուրահատուկ պատկեր է ստեղծվում», – ընգծեց խմբի մենակատարը։
Իր հերթին խմբի սաքսաֆոնիստ Մարկ Սորտը նշեց, որ «D'Black Blues Orchestra» խմբում նվագում է արդեն երկու տարի։
«Ես արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս` և՛ մարդիկ, և՛ սնունդը, և՛ բնությունը», – ասաց նա։
Հատուկ Երևանի համար Վլադիմիր Ավետիսյանը և «D'Black Blues Orchestra» խումբը պատրաստել են ծրագիր, ուր տեղ են գտել համաշխարհային բլյուզի ամենավառ կատարումները։
Խմբի կատարմամբ դասական բլյուզ երգերը նոր, երբեմն շատ անսպասելի հնչեղություն են ստանում։ Այսպես, Երևանում «The Anthology of Blues» ծրագրի ընթացքում հանդիսատեսը նաև դուդուկի հնչյուններ կլսի։
Խմբի ավանդույթի համաձայն` «D'Black Blues Orchestra»-ի երգերից մեկը կատարում է տեղական մանկական երգչախումբը։
Խմբի հետ բեմ դուրս կգա ամերկյան բլյուզ երգչուհի Մոնիկա Գրինը։ Խմբի կազմում ելույթ կունենան նաև երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։
Հայաստանում «D'Black Blues Orchestra» խումբը հայտնի է Երևանում և Դիլիջանում տված համերգների շնորհիվ։ Վլադիմիր Ավետիսյանը UWC Dilijan College Միջազգային դպրոցի հիմնադիրներից է։
Խումբը հյուրախաղեր է ունեցել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Չինաստանում, Ուկրաինայում, Սկանդինավյան և Մերձբալթյան երկրներում։ Սևաստոպոլի Նախիմովի հրապարակում համերգին խումբը 20 հազար հանդիսատես է հավաքել։