ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է. օրվա խորհրդին համահունչ հունիսի 1-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավանդական դարձած տոնական հանդիսություն կանցկացվի: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Գրադարանի ճեմասրահում փոքրիկ հանդիսատեսի համար կներկայացվի համերգային ծրագիր` անհատական և խմբային կատարումներով, իսկ դահլիճում` թատերական բեմականացում ռուս մանկագիր, թատերագիր Վլադիմիր Օռլովի տիկնիկային թատրոնների համար գրված «Ոսկե աքլորիկը» պիեսի հիման վրա (թարգմանությունը՝ Յու. Սահակյանի):
«Մայրաքաղաքի հիմնական դպրոցների սաների մասնակցությամբ այս նոր բեմադրությունը նվիրվում է մոլորակի բոլոր մանուկներին, նրանց իրավունքներին, խաղաղությանն ու երջանիկ մանկությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մանկական տոնական միջոցառման նպատակն է ջերմ, ուրախ ու տոնական մթնոլորտ ստեղծել թիրախային հիմնական խումբ դիտարկվող փոքրիկ հանդիսատեսների համար:
Արդեն ավանդական դարձած հունիսմեկյան հանդիսությունը միտում ունի ապահովել երեխաների տոնական տրամադրությունը, նրանց սիրելի կերպարների և բեմական խոսքի համադրումով նպաստել այն գաղափարի արժևորմանը, որ Երկիր մոլորակի բոլոր երեխաները ծնվում են միևնույն՝ երջանիկ և խաղաղ մանկության իրավունքով: