ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սրտանց շնորհավորել է բոլոր երեխաներին:
«Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն և իրականություն դարձնեք թե՛ ձեր երազանքները և թե՛ արդարացնեք ձեր ծնողների ու մեր բոլորի հույսերը, որ կապում ենք ձե՛զ հետ»,- նշված է քաղաքապետի ուղերձում։
Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որ երեխաների առօրյան լինի առավել հետաքրքիր, նրանց շրջապատող միջավայրը՝ հարմարավետ ու գեղեցիկ, ինչն, անշուշտ, կարևոր պայման է ապագա քաղաքացու ձևավորման գործում:
«Ես համոզվա՛ծ եմ, որ բոլորդ էլ իսկապես շատ եք սիրում մեր Երևանը, և ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր մեծ տանը վերաբերվի մեծի, տանտիրոջ հոգատարությամբ և սրտացավությամբ, քանի որ այն հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը»,- նշել է քաղաքապետը:
Մարգարյանը երեխաներին անհոգ մանկություն, առողջություն ու երջանկություն է մաղթել։