ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքի մանդատները ցած դրած պատգամավորներին կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին՝ Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել»,- հայտնեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորները՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանն ու Արտյոմ Ծառուկյանը, պատգամավորական մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել։ Թե նրանց փոխարեն ով կգա խորհրդարան, առաջիկայում կորոշի ԿԸՀ-ն։