ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության համակարգում երկարատև ու արդյունավետ ծառայության համար:
Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը: