ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել։ Նրանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանի խոսքով՝ հրդեհի հետևանքով մահացել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մարսելի դատախազ Քսավիե Տարաբոն հայտարարել է, որ հրդեհի վայրում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Նրանցից մեկը 2 տարեկան երեխա է, մյուսը նրա մորաքույրն է՝ 25 տարեկան և տատիկը՝ 51 տարեկան, ինչպես նաև 38-ամյա մի կին։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է եղել հրդեհի պատճառը։ Իրականացվում է հետաքննություն։
Հրդեհը բազմահարկ շենքում բռնկվել է ժամը 03.00-ի սահմաններում։ Ավելի քան 20 բնակիչ տարհանվել է։