ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը:
Նշենք, որ Շուշան Երիցյանը բացի մոդել լինելուց նաև դերասանուհի է, հաղորդավարուհի, հանդես է եկել մի շարք հեռուստասերիալներում, գովազդային ու երաժշտական հոլովակներում: Մասնակցել է բազմաթիվ նորաձևության ցուցադրությունների, մի շարք միջազգային մրցույթների` այդ թվում Չինաստանում ու Ճապոնիայում:
Երեք հայ գեղեցկուհիներն անհամբերությամբ են սպասում իրադարձությանը և մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են հեղինակավոր ստուգատեսի եզրափակչին:
«Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: