ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ ապահովեց եվրոպական այս մրցաշարում և ուղեգիր պարգևեց դեպի Չեմպիոնների լիգա:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս» Արենայում Անգլիայի ամենատիտղոսակիր թիմին հաղթանակ բերեցին Ֆրանսիայի և Հայաստանի հավաքականների կիսապաշտպաններ Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակները:
Եզրափակիչից առաջ մասնագետների ու երկրպագուների հիմնական զանգվածը «Այաքս» —«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում ֆավորիտ էին համարում մանկունյանցիներին: Ու հանդիպման առաջին խաղակեսը ցույց տվեց, որ համենայնդեպս փորձով Յունայթեդը գերազանցում է մրցակցին: Խաղի սկզբում «Այաքսի» խաղացողների մոտ որոշակի հուզմունք ու խառնաշփոթ էր նկատվում: Իսկ Ժոզե Մոուրինյոյի թիմը ամեն ինչ անում էր իր առավելությունն օգտագործելու համար, ու թիմը որսաց մրցակցի սխալը:
«Այաքսի» պաշտպաններն անհաշվենկատ գործեցին սեփական տուգանային հրապարակում՝ Պոլ Պոգբային ազատ գործելու հնարավորությունւ տալով: Ֆրանսիացին, ընդունելով գնդակը, ճիշտ է՝ այնքան էլ ուժեղ չհարվածեց, բայց մի՞թե դա կարևոր է, երբ գնդակը հայտնվում է մրցակցի դարպասում: Անդրադառնալով «Այաքսի» պաշտպանից գնդակը հայտնվեց հոլանդական թիմի դարպասում:
Մանկունյանցիները շատ խորն էին պաշտպանվում՝ մեծ ուժեր կենտրոնացնելով սեփական տուգանային հրապարակի մատույցներում: Եզրային հարձակվողի դիրքում հանդես եկող Խուան Մատան և Հենրիխ Մխիթարյանն էլ ահռելի մեծ ծավալի աշխատանք էին կատարում՝ հասցնելով և՛ գրոհել, և՛ պաշտպանվել:
Մինչև ընդմիջում «Այաքսը» կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել, բայց մեծ հաշվով Մ.Յու-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն այնքան էլ հաճախ չէր միջամտում խաղին: Թիմերը հանգստանալու գնացին մանկունյանցիների նվազագույն առավելության պայմաններում: Իսկ ընդմիջումից հետո եկավ Մխիթարյանի ժամը:
Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը մինչ այս հանդիպումը Եվրոպայի լիգայի հանդիպումներում հնգական գնդակ էին խփել: Հայ կիսապաշտպանը դարձավ իր թիմի լավագույն ռմբարկուն այս մրցաշարում:
Անկյունայինի խաղարկումից հետո առաջին գնդակին հասավ Քրիս Սմոլինգը, իսկ հայ կիսապաշտպանն ակրոբատիկ շարժումով պաշտպանի հետ պայքարում կարողացավ շեղել գնդակն «Այաքսի» դարպասից ներս՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում: Իսկ հիմնական ժամանակի ավարտից 16 րոպե առաջ Մոուրինյան հայ կիսապաշտպանին փոխարինեց՝ խաղադաշտ դուրս բերելով Ջեսի Լինգարդին:
Երկրորդ գնդակը շատ կարևոր էր այս խաղում, բայց «Այաքսն», իհարկե, պայքարեց մինչև վերջ: Եղան վտանգավոր պահեր ու, ընդ որում, արդյունքի հասնելու նոր հնարավորություն ունեցավ նաև Յունայթեդը: Բայց «Այաքսին» խաղը փրկել չհաջողվեց: Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը վերջինն էր, և այս խաղում և Եվրոպայի լիգայի 2016/17 թվականների խաղարկությունում: