ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգը լրացուցիչ 3 մլն դոլար կհատկացնի բյուջեից հայ-ամերիկյան թանգարան կառուցելու համար։ Համապատասխան որոշում մայիսի 23-ին ընդունել է բյուջեի բաշխման Կալիֆորնիայի սենատի կոմիտեն, հայտնում է Asbarez թերթը։
Ինչպես գրում է պարբերականը, Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինան, սենատորներ Քևին դե Լեոնի և Ռիչարդ Ռոտի աջակցմամբ, կազմակերպել է Հայկական թանգարանի գործադիր խորհրդի անդամ Զավեն Ղազարյանի նախապատրաստած շնորհանդեսը, որի ընթացքում վերջինս դիմել է թանգարանի շինարարության համար ընդհանուր առմամբ 4 մլն դոլար հատկացնելու խնդրանքով։
Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է նահանգի պետբյուջեն և 1 մլն դոլար հատկացրել Pasadena Playhouse թատրոնի և Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի համար։
«Կալիֆոռնիան երկար տարիներ է, ինչ աջակցում է թանգարանների կառուցման նախագծերին։ Նահանգը և անձամբ ես ուզում էինք համոզվել, որ հայկական թանգարանը կստանա համարժեք և արդար աջակցություն։ Զավենը հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրները, ինչով շատ տպավորեց Կոմիտեին։ Սա մեծ քայլ է դեպի առաջ»,- նշել է Պորտանտինոն` մեկնաբանելով Կալիֆոռնիայի սենատի Կոմիտեի որոշումը։
Հայկական թանգարանի հիմնական նպատակը ամերիկահայերի փորձառության, ինչպես նաև ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության ցուցադրումն է։ Սպասվում է, որ թանգարանը կամուրջ կհաստատի Լոս Անջելեսում բնակվող տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև, ցուցահանդեսների անցկացման, ինչպես նաև հասարակական նախագծերի իրականացման և մշակութային գործակցության հարթակ կդառնա։
Բացի այդ, այն կոչված է դառնալու մի կենտրոն, որը կպատմի այցելուներին Հայաստանի պատմության և ամերիկահայերի մասին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ինստիտուտ կդառնա։ Թանգարանի շենքում գործելու են ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ։ 1,7 հա մակերեսով թանգարանը շրջապատված է լինելու գեղեցիկ այգով։