ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Եկեղեցում Մարգարիտ Բարանկիցեն աղոթք բարձրացրեց առ Աստված` հանուն բոլոր հիվանդների ապաքինման, հետո Աստվածամորը նվիրված երգ կատարեց:
«Որպես քրիստոնյա, նախ և առաջ պետք է ասեմ, որ սերն է փրկելու աշխարհը: Այն, որ այս քաղաքն ավերվել է երկրաշարժի ժամանակ, բայց հիմա մենք գտնվում ենք այս եկեղեցում, դա հենց սիրո հաղթանակն է: Ես գիտեմ, որ դուք խիզախություն եք ունեցել այդ տխուր եւ ողբերգական էջը թերթելու: Գիտեմ, որ Շառլ Անզնավուրի հայտնի երգը՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, ծնվել է հենց այս քաղաքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարիտ Բարանկիցեն:
Մարգարիտ Բարանկիցեն, անդրադառնալով մարդասիրական աշխատանքների համար 2016 թվականին իրեն շնորհված մրցանակին, նշեց. «Ինչպես Մարիամը իմացավ, որ կրելու է իր մեջ Աստծու որդուն և ասաց` թող լինի Աստծո կամքը, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ Ավրորայի մրցանակն, ասացի, որ թող լինի Տիրոջ կամքը»,-նշեց նա:
Մարդասիրական մեծ աշխատանքի համար միջազգային ճանաչում ունեցող բժիշկ Թոմ Քաթինան ևս, խոսելով բժշկի բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին, շնորհակալություն հայտնեց Սուդանի Նուբայի լեռներում իրեն փոխարինող երեք հայ բժիշկներին: Ի դեպ, Թոմ Քաթինան միակ բժիշկն է «Մայր Ողորմություն» հիվանդանոցում, նա սպասարկում է մոտ 750 հազար բնակչի: «Եթե հայ բժիշկները չգային, ես չէի կարող այստեղ լինել, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու: Շատ շնորհակալ եմ հայ բժիշկներին, ովքեր եկան և փոխարինեցին ինձ»,-ասաց Թոմ Քաթինան:
Թոմ Քաթինան եւ Մարգարիտ Բարանկիցեն նաև այցելեցին Գյումրու Թռչունյան տուն մանկատուն: Մանկատան սաների ջերմ ընդունելությունը միանգամից հուզեց հյուրերին: 7-ամյա Լուսինեին միջոցառման ողջ ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն իր գրկից չէր իջեցնում: Մայրական գուրգուրանքից զուրկ այս փոքրիկները միանգամից զգացին այն ջերմությունը, որը հյուրերից էր գալիս: Սաները թանկագին հյուրերին երգով ու պարով դիմավորեցին, ապա նաև Մարգարիտ Բարանկիցեին հրավիրեցին հայկական քոչարի պարելու: Վերջինս չմերժեց, իսկ ավելի ուշ մանկատան բակում, ոչ միայն երեխաներին ուղեկցեց խաղահրապարակ, այլ նաև նրանց սովորեցրեց իր ազգային երգն ու պարը:
«Այս երեխաները ինձ հիշեցնում են այն հազարավոր երեխաներին, որոնց թողել և փախել էին պատերազմի պատճառվ: Այս երեխաները որբ չեն, քանի որ քրիստոնյան երբեք չի կարող որբ լինել: Սրանք դժբախտության արցունքներ չեն, այլ դաժանության, որոնցով ես ուզում եմ ինչ-որ բան փոխել: Երեխան պետք է իր ընտանիքում մեծանա, որ ինքնություն ունենա»,-ասաց Մարգարիտ Բարանկիցեն՝ մաքրելով արցունքները: