Տեսահոլովակը, որում ռուս երգիչ և երգերի հեղինակ, թատրոնի և կինոյի դերասան Իգոր Ռաստերյաևն իր պապի մասին բանաստեղծություն է կարդում, համացանցում հայտնվել էր դեռ մի քանի տարի առաջ։ Սակայն «Աղվան պապը» ստեղծագործությունը սկսեց տարածվել այս տարվա մայիսի 9-ից հետո, հատկապես՝ հայ օգատերերի շրջանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ Աղվան պապը, որն Իգորին դաստիարակել է մինչև 13 տարեկան դառնալը, տղայի հարազատ պապը չէ։ Բանաստեղծության հիմքում ընկած մարդկային պատմության մանրամասների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հենց ինքը` Իգոր Ռաստերյաևը։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։
- «Աղվան պապը» բանաստեղծությունը շատերի սրտով էր, այդ թվում` հայերի։ Հետաքրքիր է՝ իրակա՞ն է արդյոք ստեղծագործության հիմքում ընկած պատմությունը (1945 թ-ի մայիսին Աղվան պապը գերմանացի վիրավոր զինվորին օգնում է տուն հասնել և մնում է նրա տանը գիշերելու — խմբ.)։
— Պատմությունը բացարձակապես իրական է։ Ավելին` այն մի քիչ կրճատված է։ Իրականում նա ոչ թե ինքն է համարձակվել մնալ գերմանացու տանը, այլ զինվորի հարազատներն են եկել Աղվան պապի հրամանատարի մոտ, պատմել նրան եղելությունը և խնդրել, որ պապը գիշերի իրենց տանը, որ կարողանա գոնե քունն առնել։ Անհավանական է թվում, բայց հենց այդպես էլ եղել է։
Հրամանատարը, որն անցել է պատերազմի միջով, բազմաթիվ սարսափներ է տեսել, թույլ է տվել, որ Աղվան պապը գիշերի նրանց տանը։ Իսկ կարող էր նաև մատնել գերմանացիներին… բայց, հավանաբար, 1945 թվականի մայիսին Բեռլինում նրա համար արդեն ակնհայտ էր, որ դաժանությունների ու մահվան վերջը եկել է, և ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ պետք է պարզապես մի քիչ էլ դիմանալ….
Աղվանը շատ երիտասարդ էր, ծնվել էր 1926 թվականի փետրվարին, բայց այդ ժամանակ արդեն պատերազմում էր Եվրոպայում։ Նա պատմում էր, որ ստիպված էին ուղիղ նշանառումով տանկերին խփել, նա հրետանավոր էր։ Նաև պատմում էր՝ ինչպես են ինչ-որ եվրոպական գետ անցել (անունը չեմ հիշում)… Մարտ ամսին է եղել, գետում տեղ-տեղ սառույցներ են լողացել։ Նրանք անցել են գետը, քիչ է մնացել, որ ափ հասնեն, երբ լսվել է գնդացրի կրակահերթը, ու նրանք ամբողջովին ջրի մեջ թաղված սպասել են մութն ընկնելուն: Միայն գլուխներն են թեք պահել, որ կարողանան շնչել: Ով գլուխը բարձրացրել է, գերմանացիներն անմիջապես կրակել են նրա վրա: Ասում էր` ոչ ոք չի հիվանդացել. օրգանիզմը «ծրագրավորել» էր ապրել:
-Ուրիշ ի՞նչ պատմություններ էր պատմում Աղվան պապը։
— Պատմում էր նաև` ինչպես են ոտքով ԽՍՀՄ վերադարձել։ Ցերեկը քայլել են, իսկ գիշերն ինչ-որ տուն մտել։ Աղվան պապն ու մի ուրիշ տղա, որպես ամենաերիտասարդներ, միշտ մնացել են հսկելու։ Մի անգամ նրանք լեհական գյուղում են եղել, տղաները սկսել են ասել-խոսել, կատակել, նրանք էլ, ինչպես միշտ, պահակի դերում են եղել: Առավոտյան ծակ անվադողի ֆշշոց հիշեցնող տարօրինակ ձայն է լսվել տնից։ Ներս են մտել ու տեսել, որ զինակիցներն այնպես են խռռացնում, ասես նրանցից վերջին օդն են հանում: Պարզվել է՝ թունավորվել են մառանում գտած տնական օղուց։ Լեհերը մտածված թողած եղել։ Ոչ ոք ողջ չի մնացել։ Իսկ նրանց թվում, իմիջիայլոց, Խորհրդային Միության հերոսներ կային, Փառքի շքանշանի ասպետներ։ Եվ ահա այսպես, մի բաժակ լեհական տնական օղուց մահացան…
Պապս արդար մարդ էր և շատ խիզախ։ Մի անգամ մոտ 60 տարեկանում Լենինգրադում գնացել էր կոմիսիոն խանութ կաշվե բաճկոն ընտրելու։ Նրան մոտեցել էին մի 35 տարեկան երկու պինդ տղաներ ու ասել` մենք մեր բնակարանում ապրանք ունենք, եկեք-տեսեք։ Ու գնացել էին Լիգովյան պողոտայով, պապս ուշ էր գլխի ընկել ինչն ինչոց է: Շրջվել էր, տեսել, որ մեկը դալանի մուտքն է փակել, մյուսն էլ դանակը ձեռքին կանգնած է։ «Բաճկոնի գումարը տուր ու գլխարկդ հանիր»։ Պապս էլ իբր խնդրել է` հարավից եմ, գոնե գլխարկս թողեք, թե չէ կմրսեմ, ու միաժամանակ ձեռքը դեպի գրպանն է տարել` իբր գումարը հանելու։ Հետո ոտքով կտրուկ հարված է հասցրել մեկի աճուկին ու խլել մյուսի դանակը, այնպես արագ, որ նա չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հետո առաջինին մի անգամ էլ է ոտքով հարվածել, այս անգամ՝ դեմքին, նա մի կողմ է նետվել, չորեքթաթ քայլել, հետո մի կերպ կանգնել է ու փախել: Պապս էլ գրպանից հանել է թաշկինակը, զգուշորեն սրբել դանակը և երկրորդ չարագործին տարել միլիցիոներների մոտ։
Որքան հիշում եմ, Աղվան պապն ամեն առավոտ վարժություններ էր անում մարզագնդերով, ծանրաքարերով։ Նրան երբեք հարբած չեմ տեսել։ Թեև ճաշի ընթացում մեկ-երկու բաժակ թթի օղի էր խմում: Նաև խաշ էր պատրաստում, ամեն անգամ, երբ ոտն ընկնում էր Վրաստան, հետը մանդարիններ էր բերում։
-Ի՞նչ դեր է խաղացել Ձեր կյանքում Աղվան պապը։
— Դերի մասին չեմ կարող ասել, բայց…. Ես 13 տարեկան էի, երբ նա մահացավ։ 93 թվականն էր։ Նույնիսկ զարմանալի է՝ մարդն արդեն 24 տարի է՝ չկա, ու հանկարծ նրա մասին բանաստեղծություն ծնվեց։ Ստացվում է` այս 24 տարվա ընթացում նա ինչ-որ տեղ ապրու՞մ էր։ Ստացվում է` երբ ես դեռ 13 տարեկան էի, նա հիմնավորվել էր իմ հոգում։ Ահա թե ինչն է ինձ հատկապես զարմացնում…
-Հայաստան այցելելու ցանկություն չե՞ք ունեցել:
— Հայաստանում երբեք չեմ եղել, իհարկե, կուզեի։ Ինձ հայերը շատ են դուր գալիս։ Տեսնո՞ւմ եք՝ Աղվան պապի կերպարը փոխանցվել է ողջ ազգին։ Գուցե օրերից մի օր այնպես ստացվի, որ Հայաստան էլ: Ուրախությամբ կգայի:
Աղվան պապը շատ էր սիրում Հայաստանը։ Մահանալուց առաջ հաճախ էր դուրս գալիս Սանկտ Պետերբուրգի տան պատշգամբ ու քթի տակ հայկական երգեր էր երգում։ Հետո Երևան գնաց։ Մինչև հիմա աչքիս առաջ է` վերելակի դռները փակվեցին, ու նրա կերպարն անհետացավ: Մենք այլևս չհանդիպեցինք…