Իրավունք. «Ի՞նչ խնդիր է լուծելու ԱԺ նախագահը»
Թերթը նախ հիշեցնում է, որ Արա Բաբլոյանը երբևէ չի եղել ՀՀԿ գործադիր մարմնի և վերնախավի ներկայացուցիչ, չի զբաղեցրել մեծ լծակներ ապահովող պաշտոններ։
«Ըստ ամենայնի` կադրային այս լուծումը Սերժ Սարգսյանի հերթական քայլն է` ՀՀԿ ներքին բարեփոխումը շարունակելու և կադրային թարմացումներ կատարելու։ Արա Բաբլոյանը տարիներով ձևավորված կապեր ՀՀԿ վերախավի այլ ներկայացուցիչների հետ չունի, խոսքը նաև խնամիական և այլ կապերի մասին է։ Նա գործնականում այդ վերնախավի ներկայացուցիչների հետ փոխադարձ պարտավորություններ էլ չունի, այսինքն` կաշկանդված չէ իր քայլերում։ Միաժամանակ, նա չի պատկանում ՀՀԿ-ի ներսում առկա ենթաթիմերից և ոչ մեկին, և նրա պաշտոնավարումը նշանակում է նաև ներկուսակցական կայունացում»,- գրում է թերթը։
Չորրորդ իշխանություն. «Կենսագրությամբ պայմանավորված»
Թերթը գրում է, որ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնում անակնկալի է բերել բազմաթիվ ՀՀԿ-ականների։
«Բանն այն է, որ մինչև վերջին պահը տեղեկություն է եղել, որ Սերժ Սարգսյանը Բաբլոյանին գործուղելու է որևէ երկիր` ներկայացնելու Հայաստանը։ Անգամ քննարկման փուլում է եղել այն երկրների ցանկը, որտեղ Բաբլոյանը պետք է փոխարիներ գործող դեսպաններին։ Վերջին պահին Սերժ Սարգսյանի որոշումը փոխվել է։ Իշխանության վերին օղակներից տարածվող տեղեկությունների համաձայն, խնդիրը Բաբլոյանի կենսագրության մեջ ի հայտ եկած անակնկալ հանգամանքներն են, որոնք մինչ այս իշխանությունները չեն իմացել»,- գրում է թերթը։
Հայկական ժամանակ. «Թղթի գող են, արա»
Թերթի լրագրողը երեկ` ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ, մի միջադեպի է ականատես եղել։
«Ազգային ժողովի նախագահի փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցող Մանվել Գրիգորյանը չէր սպասում իր հերթին, որ գրանցվեր։ Նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ ցանկանում էր ստորագրել իր անվան դիմաց և գնալ քվեարկության։ «Այ տղա, մեր թուղթը տվեք ստե։ Թղթի գող են, արա»,- ասաց նա, իսկ թուղթ տվողը Գագիկ Մելիքյանը պետք է լիներ կամ Շիրակ Թորոսյանը»,-գրում է թերթը։
Ժամանակ. «Կփոխարինվի»
Թերթի տեղեկություններով` վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
«Մեզ հասած տեղեկություններով` Արսեն Բաբայանին կփոխարինի Գոհար Պողոսյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո տեղափոխվել էր արդարադատության նախարարություն, սակայն, ինչպես երևում է, վեադառնում է «տուն»»,- գրում է թերթը։