ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանը թանգարանների համաշխարհային օրը նշեց յուրահատուկ ձևով: Ներկայացվեց հնագույն օծանելիքների և բուրումնավետ հեղուկների տեսականիներ:
«Գաղափարն անսպասելի ծնվեց, երբ ինձ պատմեցին Սարգիս Ազարյանի անհատական հավաքածուի մասին. նա օծանելիքներ ու դրանց սրվակներ է հավաքում: Տեսնելով այդ հավաքածուն՝ ես հիշեցի իմ մոր և տատիկի օծանելիքները: Ինձ թվաց, թե վերադարձել եմ մանկություն»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:
Նա նշեց, որ ցուցադրությանը ներկայացված են 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկազբի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքներ, որոնք արտադրվել են ժամանակի ամենահմուտ մասնագետների և գործարանների կողմից: Դրանց թվում են Լյուդվիգ Մոզերը, Ռենե Լալիկը, Կազմիր Մալևիչը և այլք:
Ցուցահանդես կներկայացվի մինչև ամռվա վերջ: