ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Գյումրեցի Անգելինա Պապիկյանը Մոսկվա է մեկնել` «Ты супер!» նախագծի գալա համերգին մասնակցելու համար։
«Տրամադրությունս շատ բարձր է, ամեն երեկո երկու ժամ պատրաստվում եմ ելույթիս», — Sputnik Արմենիային ասաց Անգելինան։
Պատմում է, որ իրենք ազատ ժամանակ ֆիլմեր են դիտում կամ էլ միմյանց պատմում են, թե ինչով են զբաղվել մրցույթից հետո, երբ հայրենիք են վերադարձել։
«Ամեն ինչ կախված է եղանակից և մեր տրամադրությունից», — ծիծաղում է Անգելինան։
Նա շատ էր կարոտել մասնակիցներից մի քանիսին, մասնավորապես` ադրբեջանցի Փարվանային։ Հիմա նրանք շատ ժամանակ են միասին անցկացնում։
«Ты супер!» մրցույթում Հայաստանը ներկայացնում էին 15 —ամյա Անգելինա Պապիկյանը Գյումրիից և Սաբինա Մանվելյանը Վանաձորից։
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն է ընձեռում։ Մրցույթին մասնակցում էր 92 երեխա Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից։