ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգին այսուհետև izi.TRAVEL հարթակում կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագիրը:
Յուրօրինակ հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թանգարանային և քաղաքային աուդիոտուրեր:
Հավելվածը գործում է անվճար և հնարավորություն է տալիս նաև ներբեռնել աուդիոտուրը բջջային հեռախոսների և այլ սարքավորումների մեջ: Հավելվածի օգտագործումը կարևոր և գրավիչ է հատկապես անհատ զբոսաշրջիկների համար:
Այս ծրագրի ներմուծումը Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառմանն ընդառաջ հրաշալի առիթ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար ծանոթանալու թանգարանների պատմությանը, ցուցադրվող նմուշներին և ինքնուրույն կազմակերպելու աուդիոտուր քաղաքի մի շարք տեսարժան վայրերում:
«Թանգարանները կարևոր, նույնիսկ առանցքային դեր են կատարում քաղաքային տուրիզմի զարգացման գործում: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծանոթանում է քաղաքի պատմությանը և մշակույթին նախևառաջ թանգարանների միջոցով: Ներկայում զբոսաշրջիկների համար մշակված բազմաթիվ հավելվածների օգտագործումը լայն տարածում է ստացել աշխարհի շատ երկրներում: Հաշվի առնելով այդ փաստը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախաձեռնեցինք համայնքային թանգարանների մասին եռալեզու տեղեկատվությամբ աուդիոգիդ ծրագրի մշակում և ներդրում iziTRAVEL հարթակում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Այսօրվանից արդեն այս ծառայությունը հասանելի է ինչպես համաքաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: