«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Կարեն Կարապետյանին
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ԱԺ նոր նախագահը լինելու է ՀՀԿ-ական, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը. երեկ նման որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում: ՀՀԿ-ից են լինելու նաև ԱԺ փոխնախագահներից երկուսը. այդ պաշտոններում իշխող կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին, իսկ խորհրդարանի փոխխոսնակի՝ ընդդիմությանը բաժին հասնող աթոռը տրվելու է ԲՀԿ-ին. այս կուսակցությունն էլ երեկ որոշել է առաջադրել Միքայել Մելքումյանին:
ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանի առաջադրումն իրականում անակնկալ էր. նրա անունը չէր շրջանառվում հավանական թեկնածուների շարքում, և ընդհանրապես Բաբլոյանը չի համարվում քաղաքական կերպար, թեև 1991-97թթ. եղել է առողջապահության նախարար: Բաբլոյանն առանձնապես չի ասոցացվել նաև ՀՀԿ-ի հետ, թեև այս ընտրություններում ՀՀԿ ցուցակի չորրորդ համարն էր:
Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արա Բաբլոյանը վարկաբեկված անձ չէ, ապա նրա թեկնածության առաջադրումը միանգամայն նորմալ կարելի է համարել: Բայց մյուս կողմից նրա թեկնածությունը տարօրինակ է, քանի որ Բաբլոյանը, բացի ապաքաղաքական մարդ լինելուց, նաև տարիքով է. նա 70 տարեկան է, մեկ տարով ավելի մեծ, քան Գալուստ Սահակյանը: Այնպես որ, ՀՀԿ պնդումները, թե իրենք ԱԺ են բերել թարմ դեմքերի, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը:
Բայց մյուս կողմից, մեր աղբյուրների պնդմամբ, ե՛ւ ապագա կառավարությունը, ե՛ւ նոր խորհրդարանի ղեկավարությունը լինելու են ժամանակավոր: Իշխանության հիմնական կազմը կձևավորվի 2018թ. ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և նա, հավանաբար որպես նոր վարչապետ, ձևավորի իր թիմը: Սպասվում է, որ այսօր նոր ԱԺ-ի կազմավորումից ու առաջին նիստից հետո հրաժարական կտա կառավարությունը: Վարչապետի պաշտոնում նորից նշանակվելու է Կարեն Կարապետյանը, և նրա հրամանագիրը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լինելու է շատ օպերատիվ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում»:
«Հրապարակ». ԱԺ-ում Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակը կզբաղեցնի Բեգլարյանի եղբայրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որը պատգամավոր է դարձել Երևանի Կենտրոն համայնքից:
Նույն գծի վրա մի քանի սենյակ այն կողմ գտնվող՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդարձակ աշխատասենյակում էլ կբազմի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Բաբայանը, ով, փաստորեն, ՀՅԴ ընկերներից մի քիչ հեռու կնստի»:
«Ժամանակ». Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները:
Արաբկիր վարչական շրջանը ներկայում ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակում, սակայն, ինչպես երևում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը:
Ի դեպ, և Հանիսյանը, և Հովհաննես Վարդանյանը, և Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»:
«Հայկական ժամանակ». Շիրակի մարզպետը կփոխվի
Շիրակի մարզի ՀՅԴ-ականները կրկին լարված են։ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո դեռ պարզ չէ, թե Դաշնակցությանը ինչ պորտֆելներ է բաժին հասնելու, թեև նախարարականները կպահպանվեն։ Ըստ «ՀԺ»-ի` Շիրակի մարզպետի փոփոխություն է սպասվում։ Մարզը կշարունակի մնալ ՀՅԴ-ականների «տիրապետության» տակ, բայց տեղի կունենա մարզպետի փոփոխություն։
ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում տեսնում է ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանին։ Նա ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրված էր թիվ 11 ընտրատարածքում, կուսակցության ռեյտինգային ցուցակով։
Թերթը գրում է, որ Մաթիլյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելը Շիրակի մարզից ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավոր, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի սրտով չէ։