ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծ մասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է հետ ստանալ իր գույքը:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար: