ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն, որոնք կօգտագործվեն «Մշակութային կանգառ» մարզային ծրագրի շրջանակում:
«Այս կինոթատրոնների միջոցով Հայաստանի մարզերում ավելի քան 200 ֆիլմի ցուցադրություն կկազմակերպվի: Կներկայացվեն հայկական և չինական ֆիլմեր, ինչպես նաև այն կինոնկարները, որոնք ցուցադրվում են երևանյան կինոթատրոններում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով՝ ցուցադրությունները կլինեն անվճար և կկազմակերպվեն բաց երկնքի տակ:
«Կինոթատրոնները Հայաստանին է նվիրել ՉԺՀ-ն, իսկ աշխատավարձի գումարը, տրանսպորտի և մյուս ծախսերը ստանձնել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը»,- ասաց Ամիրյանը:
Նախարարը կարծում է, որ 2017 թվականը Հայաստանի համար մշակութային վերածննդի տարի կդառնա:
«Մենք արդեն հայտարարել ենք «Մշակութային կանգառ» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերում մշակութային 426 միջոցառում պետք է անցկացվի: Եվ այսօր մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ դրանցից 200-ն արդեն կյանքի են կոչվել: Բոլոր այդ միջոցառումները, այդ թվում՝ ֆիլմերի ցուդրությունները, շատ բան կարող են փոխել երկրի մշակութային կյանքում»,- նշեց Ամիրյանը:
Նա ավելացրեց նաև, որ Հայաստանն ու Չինաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը, և սա արդեն մշակութային երկրորդ համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում (առաջինը թանգարաններում ներդրված աուդիովիզուալ ծրագիրն էր):
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
ՀՀ մշակույթի նախարարն ու Չինաստանի դեսպանը շարժական կինոթատրոններ տրամադրելու մասին հուշագիրը ստորագրել են այս տարվա մարտի սկզբին: