ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երիտասարդներին շնորհավորել է Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ: Նրա ուղերձը հրապարակել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ Մարգարյանի` անհերքելի փաստ է, որ ցանկացած երկրի առաջընթացի ու ձեռքբերումների հիմնական գրավականը մտածող, գիտակ և նպատակաուղղված երիտասարդությունն է:
«Մենք՝ հայերս, ավանդաբար մեծ ձգտում ենք ունեցել դեպի գիտելիքն ու առաջադեմ գաղափարները, և ուրախալի է, որ մեր երիտասարդներն այսօր էլ աչքի են ընկնում թե՛ գիտելիքի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքով և թե՛ աշխարհում մրցունակ լինելու անկասելի նպատակասլացությամբ: Այսօր ունենք իրավամբ արժանապատիվ երիտասարդություն, ովքեր և՛ իրենց գիտելիքով, և՛ իրենց հայրենասիրությամբ ու հայրենիքի պաշտպանը լինելու իրենց անմնացորդ նվիրումով ամեն օր են ապացուցում, որ Հայաստանն ունի՛ լուսավոր ու արժանապատիվ ապագա»,- նշել է քաղաքապետը:
Նա վստահություն է հայտնել, որ մեր երիտասարդներն իրենց ողջ եռանդով ու նվիրումով կշարունակեն արժանապատվորեն մասնակցել մեր երկրի զարգացմանը, առաջընթացին ու Հայաստանն ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու պատվաբեր գործին:
Տարոն Մարգարյանն ուսանողներին և երիտասարդներին մաղթել է անկոտրում կամք, հաջողություններ ուսումնառության մեջ և բոլոր նախաձեռնումներում։
«Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է սատարել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ Մնացե՛ք հավատարիմ ձեր նպատակներին՝ ի շահ Հայաստանի ու քաղաքամայր Երևանի»,- նշված է քաղաքապետի ուղերձում: