ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Championat.com-ը:
Հայազգի բռնցքամարտիկը պարտության է մատնել նիկարագուացի Յադեր Կարդոսային: Մենամարտը կայացել է Կեմերովոյում:
Ալոյանը հաղթող է ճանաչվել մրցավարների միաձայն որոշմամբ: Կարդոսայի համար այս պարտությունը 12-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում:
28-ամյա հայ բռնցքամարտիկը 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճեց, սակայն մարզական արբիտրաժային դատարանը զրկեց նրան այդ մեդալից արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով: