ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: