«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը կլինի երկու փուլով
ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչև ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։
Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։
Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչև 2018 թիվը և 2018-ից հետո:
«Ժողովուրդ». Իշխանության ներսում շարունակվում է պայքարը
Իշխանության ներսում շարունակվում է պայքարը, թե 2018թ. ապրիլից հետո խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ո՞վ կզբաղեցնի պետության դե ֆակտո ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Այդ փաստը երևաց նաև երեկ, երբ լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր և Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային: Նա հայտարարեց, թե իրենք նույն թիմից են: Իսկ հարցին՝ տարբեր գնահատականներով, Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին դառնալ վարչապետ, արդյոք ինքը նման քայլեր տեսնում է, Կարապետյանը պատասխանել է կարճ՝ ոչ:
Բայց այն, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է շարունակել իշխանավարումը նախագահական լիազորությունների ավարտից հետո որպես վարչապետ, անկասկած է, այլապես նա չէր փոխի սահմանադրությունն ու 2018թ. ապրիլից հետո իշխանական ողջ լծակները չէր կենտրոնացնի կառավարության ղեկավարի ձեռքում՝ ակնարկելով իր հնարավոր պաշտոնավարման մասին, մյուս կողմից խորհրդարանը ձևավորելով իր ուզածով:
Այլ բան, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել այդ ամենը կամ ցույց է տալիս, որ չի տեսնում՝ միաժամանակ Սերժ Սարգսյանին մղելով ավելի կտրուկ գործողությունների և հասկացնելով, որ ինքն էլ իր հերթին չի պատրաստվում զիջել ու ամեն գնով շարունակելու է պայքարը:
«ժամանակ». Կշարունակեն պայքարել
Երևանի տոնավաճառների աշխատակիցների բարձրացրած հարցերը շարունակում են մնալ օդից կախված։ Կառավարությունում ունեցած հանդիպումները, ձևավորված հանձնաժողովը առայժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել։ Կառավարությունից միայն աշխատակիցների պահանջը գրավոր շարադրված տարբերակով պահանջել են ու դեռ ոչ մի պատասխան չեն տվել։ Տոնավաճառների աշխատակիցները մի քանի օր էլ կսպասեն կառավարության պատասխանին, և եթե պատասխան չեղավ, կամ իրենց ցանկալի պատասխանը չեղավ, իրենք որոշել են շարունակել բողոքի ակցիաները և, միևնույն ժամանակ, արհմիություն հիմնել ու սկսել իրենց իրավունքների համար պայքարել այդ եղանակով։
«Իրավունք». ՀՀ առաջին և երկրորդ նախագահները խռովել են եռատոնից
Եթե նախորդ տարիներին մայիսյան եռատոնին ինչ-որ կերպ իրենց մասին հիշեցնում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա այս տարի նրանք խորհրդավոր լուռ էին։
Թե ինչ կերպ է Ռ. Քոչարյանը նշել եռատոնը, «Իրավունքը» փորձել է պարզել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, բայց ապարդյուն` զանգերը մնացել են անպատասխան։
Ի դեպ, ուշագրավ է այն, որ անգամ Ռ.Քոչարյանի պաշտոնական կայքում և ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում չկար շնորհավորանք` եռատոնի առթիվ։ Վերջին գրառումը կատարվել է ապրիլի 24-ին։