ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը հանդես եկավ «Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում 16-րդ համար ներքո:
Նա հրաշալի կատարեց «Fly with me» ստեղծագործությունը և անցավ եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 13-ին:
Կիևի բեմում, լեդային էկրանների վրա ներկայացվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Արծվիկի հետ բեմում հանդես եկող երկու պարուհիները՝ Մարլեն Լինդալը և Ֆաննի Սվենսոնը, որոնք Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, բեմականցման ընթացքում ձեռքերի յուրահատուկ շարժումներով թռչնի թռիչք պատկերեցին:
Մրցույթի 18 մասնակիցները ելույթ ունեցան հետևյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:
Բացի Հայաստանից, մրցույթի եզրափակիչ փուլ անցան նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի բեմը կշռում է շուրջ 30 տոննա և զբաղեցնում է 350 ք.մ. տարածք: Այն կառուցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ: Մրցույթի շրջանակում օգտագործվել են աննախադեպ քանակով ձայնային և լուսային սարքավորումներ:
Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: