ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հանրապետության նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տոնական միջոցառման մասնակիցների հետ հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվության բաժինը։
Տոնական միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Շուշի՝ ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին, այնուհետև Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Շուշիի Վ.Սարգսյանի անվան հրապարակում կազմակերպված տոնական համերգին, դիտել «Արվեստների և արհեստների քաղաք» ցուցահանդեսը:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են: