ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանյան մի շարք բաժանորդներ զանգեր են ստացել կոնկրետ հեռախոսահամարից: Պարզվել է, որ այդ հեռախոսահամարով զանգերը եղել են Բոսնիա Հերցեգովինայից: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է` ոչ մի դեպքում հետադարձ չզանգահարել այս համարին, ինչպես նաև բոլոր այն հեռախոսահամարներին, որոնք անծանոթ են և ստացվում են արտերկրից:
«Հնարավոր է, որ գումար շորթելու նպատակով այլ երկրներից էլ զանգեր լինեն»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` սա տարածված խաբեություն է: Հաքերները գնում են ցանկացած հեռախոսահամար, որից զանգեր են կատարվում ռոբոտի միջոցով: Երբ զանգը ստացող բաժանորդը հետ է զանգահարում, նրանից լուրջ գումարներ են գանձվում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր զգուշացումն ավելի պատկերավոր դարձնելու համար նույնիսկ տեսաուղերձ է հրապարակել համացանցում: