ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ Արաբկիր վարչական շրջանում հուշարձանը տեղադրվել է 2015թ.-ին:
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ նշան է՝ հոգատար այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված ու Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների հանդեպ:
Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև խորհրդանշական եղևնի են տնկել այգում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հանդիպել են լենինգրադյան բլոկադայից փրկված ու տասնամյակներ շարունակ Երևանում բնակվող վետերանների հետ:
Օգտվելով առիթից` վետերանները շնորհակալություն են հայտնել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար:
Իր հերթին առողջություն մաղթելով նրանց` քաղաքապետն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել բոլոր վետերաններին: