ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն: Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի նաև համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորիչի փողոցի երթևեկելի 2-րդ գոտիներից ևս:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի նաև Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թվականի մայիսի 7-ից Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: