ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Հանուն հաղթանակի և խաղաղության» զանգվածային առաջին վազքը կնվիրվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին։
Միջոցառման կազմակերպիչները հուսով են, որ վազքին կմասնակցի ավելի քան 700 մարդ։
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Մարկ Կալինինի խոսքով` մեծ և գեղեցիկ միջոցառում է սպասվում։
«Յուրաքանչյուր ոք Հաղթանակի օրը տոնում է իր հնարավորության սահմանում. մարդիկ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դնում, կազմակերպում և մասնակցում են համերգների, կլոր սեղաններ, գեորգիևյան ժապավեններ բաժանելու ակցիաներ են անցկացնում», — ասաց նա։
Կալինինի խոսքով` միջոցառման մասնակիցները կարող են իրենց հետ բերել պատերազմին մասնակցած պապերի նկարները և ընդգծել հաղթանակի հետ կապված հուշերը։
«Վազքին կարող են մասնակցել նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկները», — նշեց Կալինինը։
Վազքին կմասնակցեն հիմնականում երիտասարդներն ու Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները, ռուսական դեսպանատան աշխատակիցները, երիտասարդական կազմակերպությունների անդամները։
Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանն իր հերթին նշեց, որ ֆեդերացիան որոշել է այդ միջոցառումը նվիրել Շուշիի ազատագրմանն ու Մեծ հայրենականի հաղթանակին։
«Հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի միջոցառումն ավանդական դառնա։ Մյուս տարի ևս կդիմենք մեր գործընկերներին` վազքը կազմակերպելու նպատակով», — Sputnik Արմենիային ասաց Ավետիսյանը։
Նա ավելացրեց, որ վազքի բոլոր մասնակիցները (որոնք կանցնեն 4-5 կմ) պատվոգիր կստանան։
Ակցիայի կազմակերպիչներն են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի եռամարտի ֆեդերացիան։ Հայաստանի և Ռուսաստանի նախարարությունների կազմակերպած ակցիային աջակցում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։