ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի պրոդյուսեր Ուիլյամ Հորբերգը RT-ին տված հարցազրույցում պատմել է, թե որքան կարևոր էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելը։
Նա հայտնել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ խանգարում էր ֆիլմի ստեղծմանը։
«Շուրջ 75 տարի այս ֆիլմը գտնվում էր նկարահանման փուլում, քանի որ տասնամյակներ շարունակ այս պատմությունը ներկայացնելու նախորդ փորձերը արգելափակվում էին Թուրքիայի կողմից։ Սա կարևոր պատմություն է, քանի որ ցեղասպանության մերժումն ինքնին ցեղասպանություն է, և հայերը, որոնք վերապրել են այդ ողբերգությունը, և նրանց նախնիները անընդհատ սպասում էին, որ աշխարհը կիմանա այս մասին ճշմարտությունը», — հայտնել է Հորբերգը։
Նրա խոսքով` նման ֆիլմեր այսօր քիչ են նկարահանվում։ Համեմատության համար նա թվարկեց 1980-1990-ններին նկարահանված մի քանի պատմական ֆիլմ, որոնք ազդել են նրա վրա` «Կարմիրները», «Մահվան դաշտերը», «Բժիշկ Ժիվագո», «Շինդլերի ցուցակը», «Անգլիացի հիվանդը»։
«Էպիկական, քաղաքական, սիրային պատմություններ, ֆիլմեր, որոնք նկարահանվել են մեծ շուքով`քաղաքական և սոցիալական խնդիրներով։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ռեժիսոր Թերի Ջորջի, ինչպես նաև դերասաններ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի հետ։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիսատեսը կգնահատի ֆիլմը։ Հուսով եմ նաև, որ ֆիլմը կանցնի ժամանակի փորձությունը», — ասել է պրոդյուսերը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։ «Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լը Բոնը։