ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Այսօր ամբողջ աշխարհում լրագրության մակարդակն անմխիթար վիճակում է, մանավանդ այն պայմաններում, երբ ԶԼՄ-ները հեղեղված են կեղծ տեղեկություններով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը։
«Հերիք է` սոցիալական կայքերում մեկը մի բան գրի, և Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարող է այդ մասին հայտարարել` հղում անելով սոցիալական կայքերին որպես տեղեկատվության աղբյուր», — ասաց Բաբայանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նրա կարծիքով` անհեթեթ է այն փաստը, որ «ֆեյք նյուզ» արտահայտությունը ոչ մի հարց չի առաջացնում, ավելին` նորմա է դառնում. հրապարակվում են տեղեկություններ, որոնց ճշմարտացիությունը ոչ ոք չի ստուգում։
Բաբայանի խոսքով` տուժում է այն կողմը, որի դեմ ուղղված է այդ տեղեկությունը։ Քանի որ այն մարդը, որը ստիպված է արդարանալ, ի սկզբանե ոչ շահավետ վիճակում է։
«Վերջին պատմությունը Սիրիայում քիմիական զենքի գործածման թեմայով էր։ Ոչ ոք իրեն նեղություն չէր տվել և չէր ստուգել, թե «Սպիտակ սաղավարտներն» ինչ կազմակերպություն է և ում կողմից է ֆինանսավորվում։ Հասկանալի է, որ դա ոչ կառավարական կազմակերպություն է, բայց նրանք ասացին, որ քիմիական զենքը կիրառել է Բաշար ալ Ասադի կազմակերպությունը, և պարզվում է` դա բավարար է, որպեսզի ամերիկացիները հարված հասցնեն», — ասաց լրագրողը։
Նա որպես օրինակ բերեց նաև Իրաքի պատերազմը, որը սկսվեց «ֆեյք նորությունից»։ Ասում էին, որ Սադամ Հուսեինը զանգվածային ոչնչացման զենք ունի, ինչը պարզապես գոյություն չուներ։ Սակայն աշխարհն այն ժամանակ չգիտեր, որ գոյություն ունեն «ֆեյք նորություններ»։
Նրա խոսքով` լրագրության մեջ կա միայն մեկ կանոն` աշխատանք տեղեկության հետ։ Յուրաքանչյուր լրագրող, փոխանցելով որևէ տեղեկություն, պետք է պատասխանատու լինի դրա համար, պետք է ստուգի, տեղեկության հաստատում փնտրի հավաստի աղբյուրներից, ոչ թե համացանցից։