ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ադրբեջանին սահմանակից Խաչիկում կյանքը հեշտ չէ: Գյուղը բարձրլեռնային է, մարզկենտրոնից հեռու, ունի ոռոգման ջրի խնդիր: Այս ամենից զատ, խաչիկցիներն ամբողջ գյուղով 100-130 մլն դրամի պարտք ունեն վարկային «Արեգակ» և «Ֆինքա» կազմակերպություններին:
Այս վարկն արդեն շուրջ 20 տարվա վաղեմություն ունի: Բայց խաչիկցիներից շատերը դրա մասին չեն էլ հիշել, մինչև այն պահը, երբ հանկարծ պարզել են, որ իրենց բանկային հաշիվները կալանքի տակ են:
«Տուն կա` 8 մլն, տուն կա` 20 մլն, 10 մլն, 3 մլն, 2 մլն պարտք ունի: Այդքան պարտքի հետ էլ` ապրուստի ոչ մի եկամուտ: Բա մե՞ղք չեն: Եթե տանը թոշակառու կա, մի երկու կոպեկ փող է մտնում տուն, եթե չկա, այս մարդիկ չորացրած խոտի վրա են նստած, մինչև որ սեզոնը կգա, բերք կստանան: Այստեղ լավ հարուստ բերք է ստացվում, ամեն միրգ աճում է, բայց որ երիտասարդություն չկա, աշխատանք չկա, բոլորը գնում են՚,- Sputnik Արմենիային պատմեց խաչիկցի Սեդա Աբրահամյանը:
Շուրջ 100 մլն վարկը 1999թ-ին համագյուղացիների անուններով վերցրել են գյուղի խանութի սեփականատեր ամուսինները: Նրանք, խաչիկցիների խոսքով, իրենց համագյուղացիներին համոզել են խանութին ունեցած պարտքի դիմաց իրենց համար գյուղացիական պարտք վերցնել, և, ինչպես հետո է պարզվել, նույնիսկ որոշ կեղծիքներ են արել գյուղապետարանից տրված տեղեկանքներում՝ արհեստական ավելացնելով գյուղացիների գրավ դրվող գույքի արժեքները:
Այս ամբողջ պատմությունը թերևս չէր բացահայտվի, եթե 2015թ-ից խանութի տերերը չդադարեցնեին վարկի դիմաց վճարումները՝ համագյուղացիներին հայտարարելով, որ վճարելու հնարավորություն այլևս չունեն: Արդյունքում գյուղացիների հաշիվների և գույքի վրա դատարանի որոշմամբ կալանքներ էին դրվել, ինչն էլ անցյալ տարի բողոքի մեծ ալիք էր առաջացրել գյուղում:
Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը, որը նույնպես տուժել է համագյուղացիների վարկային գործարքից, մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղը դեռ իրավապահ մարմինների աջակցությունն է ակնկալում:
«Դիմել էինք դատարան, դատարանը հայցերը մերժեց: Աշխատող մարդկանց հաշիվների վրա կալանքներ դրվեցին: Այժմ կալանքները հանվել են, սպասենք, տեսնենք քրեական գործն ինչ արդյունքներ կունենա»,- ասաց գյուղապետը:
2016թ-ին բարձացած աղմուկից հետո հարուցված քրեական գործի շրջանակում, շորթման, հափշտակության, ապօրինի ձեռնարկատիրության, ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորվել են վարկային կազմակերպությունների աշխատակիցներն ու գյուղի խանութի սեփականատերը: Գյուղացիները, թեև սպասում են գործի հանգուցալուծմանը, բայց և նշում են, որ եթե իրենց վերագրված անօրինական վարկերից չազատվեն, գալու են Երևան՝ այստեղ շարունակելու իրենց պայքարը: