ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. 2016 թվականին Համաշխարհային հայկական համագումարի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի սփյուռքի նախարարության կազմակերպած գիտական և ստեղծագործական մրցույթի արդյունքները ամփոփվեցին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում։ Այստեղ նաև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումից առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանի մտադրության մասին՝ կապված Հայաստանում ներդրումների ծավալներն ավելացնելու հետ։
«Կոչ եմ անում բոլորին՝ արձագանքել վարչապետին և ներկայացնել սեփական առաջարկները։ Ներդրումները ենթադրում են ոչ միայն գումար, չէ՞ որ մենք աշխարհի տարբեր ծայրերում աշխատող մի շարք մասնագետներ և փորձագետներ ունենք։ Կազմակերպված հայ համայնք է գործում աշխարհի 67 երկրում։ Եթե մենք կարողանանք մեր երկիր տարբեր ոլորտների` սպորտի, մշակույթի, գիտության ներկայացուցիչների ներգրավենք, Հայաստանը գերհզոր պետություն կդառնա»,- ասաց Աբրահամյանը։
Նա խոստովանեց, որ գիտի սփյուռքի հնարավորությունների մասին, քանի որ անձամբ է ճանաչում նրա մի շարք ներկայացուցիչների։
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարությանն աջակցելուն, Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ մենք պետք է սատարենք միմյանց։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, իր հերթին, արարողության անցկացման վերաբերյալ կարծիք արտահայտեց։
«Այս միջոցառումն առաջին տարին չէ, որ կազմակերպում ենք։ Ուրախ եմ, որ ՌՀՄ նախաձեռնությանն այս տարի միացավ նաև Հայաստանի սփյուռքի նախարարությունը։ Միջոցառումը հրաշալի առիթ է՝ խթանելու Հայաստանի մշակութային և գիտական կյանքը։ Կարևորը, որ ուշադրության կենտրոնում գտնվի երիտասարդությունը, քանի որ այս միջոցառմանը մասնակցող երիտասարդ մասնագետները հետագայում աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ են ստանում»,- ավելացրեց գերատեսչության ղեկավարը։
Հանձնաժողովը «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանք» անվանակարգում ամփոփեց 2016 թվականի արդյունքները։ Մրցանակային ֆոնդը կազմեց 42 մլն դրամ։ Այս գումարը բաժանվեց տարբեր անվանակարգերում հաղթածների միջև։
2007 թվականից անցկացվող միջոցառման նպատակը մշակույթի, գիտության և գրականության զարգացմանը նպաստելն է և դրանց դերն ու նշանակությունը հասարակության կյանքում բարձրացնելը։