ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մի քանի ժամ առաջ կիևյան բեմում կայացած առաջին փորձից հետո Wiwibloggs կայքի հեղինակավոր քննադատներն անդրադարձել են Արծվիկի ելույթին։
«Կարող եք չկասկածել` Արծվիկը թռչում է և դեռ բարձր կթռչի»,- ասել է եվրոպական հայտնի բլոգեր Վիլյամ Լի Ադամսը։
Նրա կարծիքով` Հայաստանը միշտ լավ շոուներ է ներկայացնում մրցույթին, բայց այս անգամ պարզապես գլուխգործոց էր։
«Դա Իվետայի էքսպերիմենտալ շոուն չէ, որը ներկայացրել էր նույն բեմադրիչ Սաշա Ժան-Բապտիստը Շվեդիայից, սա Արծվիկի սեփական շոուն է` ազգագրական բազմաթիվ տարրերով», — ասել է Վիլյամը։
Նրա գործընկեր Պադրագ Մուլդոնն Արծվիկի համարն արվեստի գործ է անվանել ։
«Անհնար է Արծվիկի անունն արտասանել առանց art (արվեստ, անունն անգլերեն տարբերակում գրվում է որպես Artsvik) արմատի։ Արվեստի գործն այն է, ինչ մենք նոր տեսանք։ Այնքան դյութիչ էր։ Նա հասարակ հագուստով էր, ոչ թե բեմական, բայց նույնիսկ այդպես նրան հաջողվեց անմոռանալի տպավորություն թողնել», — ասել է Պադրագը։
Վիլյամի կարծիքով` նույնիսկ այս փուլում համարն արդեն դիտարժան է և՛ կատարման, և՛ վիզուալ առումով։
Եվ եթե նախկինում բլոգերները չէին պատկերացնում, թե բեմում ինչ տեսք կունենա Արծվիկը, որն իրական կյանքում շատ համեստ է, ապա հիմա նրանք այլևս ասելիք չունեն։
«Չեմ ստի, եթե ասեմ, որ ես կարող եմ շարունակ դիտել նրա ելույթն ու ամեն անգամ մի նոր բան գտնել»,- ավելացրել է Վիլյամը։
Ի վերջո, բլոգերները միաձայն համաձայնել են, որ Արծվիկը «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի ակնհայտ ֆավորիտն է։