ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik․ Ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները ռուսական Առաջին ալիքի «Минута славы» հոբելյանական նախագծի հաղթողները դարձան։
Սուպերեզրափակչում դյուցազունները ելույթ ունեցան հայկական տարրեր ունեցող զգեստներով՝ վրացական երգիչ Վաղթանգի կենդանի կատարմամբ երաժշտության ներքո։
Ժյուրիի երեք անդամները՝ Վլադիմիր Պոզները, Րենատա Լետվինովան ու Սերգեյ Յուրսկին համարը գնահատեցին առավելագույն՝ 10 միավորով, և միայն Սերգեյ Սվետլակովը ելույթի համար նշանակեց ինը։ Սակայն, հաշվի առնելով նրանց ունեցած մեկ միավորանոց բոնուսը, եղբայրները ստացան 40 միավոր՝ դառնալով առաջատար։
«Դուք մեզ ցնցեցիք, դուք այնքան դյութիչ եք․․․ Այն, ինչ դուք անում եք՝ դժոխային աշխատանք է։ Ձեր նվիրումը միմյանց և գործին հիացնում է»,- ասաց ժյուրիի անդամ, թատրոնի և կինոյի դերասանուհի Րենատա Լետվինովան։
«Դուք այս սեզոնի զարդն եք, ձեր տաղանդը, դաստիարակությունը, ներաշխարհը և հնարավորությունները միաձուլվեցին»,- ասաց հեռուստահաղորդավար Սվետլակովը։
Վարդանյան եղբայրենրի հետ Sputnik Արմենիայի բացառիկ հարցազրույցն` այստեղ։
Միխայիլ Բոյարկու հարցին, թե հաղթանակի դեպքում արդյո՞ք կկիսեն նրանք հաղթած գումարը Վաղթանգի հետ, Անդրանիկ Վարդանյանը պատասխանեց՝ իհարկե, շնորհակալություն կհայտնենք։
Եղբայրները հինգ միլիոն ռուբլի մրցանակ ստացան։ Հանձնելով գումարով ճամպրուկը՝ հաղորդավար Պոզներն ասաց․ «Ամեն անգամ դա արվում էր ուժերի առավելագույն լարմամբ։ Չեմ կասկածում, որ դուք հեռու կգնաք։ Միայն թե՝ խելամտորեն ծախսեք գումարը»,- ասաց Պոզները։
«Բեմում կատարված ամեն մի մանրուք հիշարժան էր, ոչ թե անցողիկ։ Այդ ժանրը հաղթանակների համար չէ, իսկ այս երկու հոգին հաղթանակի համար էին»,- ասաց դերասան Յուրսկին՝ շնորհավորելով եղբայրներին։
Ամբողջ շոուի ընթացքում Գևորգն ու Անդրանիկը ժյուրիի ֆավորիտներն էին։ Նրանք հիացնում էին հանդիսատեսին ու ժյուրիին ոչ միայն վարպետությամբ, այլև համեստությամբ։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Տոմսկից «ՅՈՒԴԻ» պարային խումբը, իսկ երրորդը՝ լարախաղաց Եվգենի Վասիկենկոն։