ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն։ ՏԵղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին դատախազությունից։
Ավելի վաղ գործը քննում էր Քննչական կոմիտեն։ Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, իրենք քրեական գործն ուղարկել են Գլխավոր դատախազություն։ Ավելի ուշ գլխավոր դատախազի որոշման համաձայն` քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը։
Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 22-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ. Առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով 8 հարված է հասցրել տուժողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին։ Ստացած մարմնական վնասվածքներից Դ.Յալպաևը տեղում մահացել է։
Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Մասնավորապես՝ նա 2016 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնավնասում և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. հունվարին հաստատված հիվանդության վկայագրի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «անձի օրգանական խանգարում աֆեկտիվ անկայունությամբ և ինքնավնասումներով, պարցյալ էպիլեպսիա» հիվանդությունը։ Նրա մոտ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։