ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ 2017»- ի հայ պատվիրակ Արծվիկն ասաց, որ մեկ տարի առաջ երազում տեսել է իրեն «Եվրատեսիլի» բեմում։ Այդ մասին նա պատմեց լրագրողներին։
«Ինձ համար «Եվրատեսիլն» ու այդ մրցույթի բեմում երգելը երազանք էր։ Անցած տարի ես երազում տեսա, որ կանգնած եմ «Եվրատեսիլի» բեմում։ Երկու օր անց միացա, որ Հայաստանում պետք է մրցույթ անցկացվի, սկզբում մտածեցի` գնա՞լ, թե՞ չգնալ, հետո որոշեցի` պե՛տք է մասնակցել»,- ասաց Արծվիկը։
Ըստ երգչուհու` ինքն իր օրինակով ցույց է տալիս, որ երազանքներն իրականանում են։ Այսինքն` պետք չէ տեղում նստած մնալ, պետք է գնալ երազանքի հետևից։
Արծվիկը նշեց, որ Հայաստանը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է, և պատրաստվում է իր թիմի հետ անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ առաքելությունը կատարի բարձր մակարդակով։
«Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` այս տարի առաջին անգամ հայ մասնակցի ընտրությունը 3 ամիս տևեց, ինչը թույլ տվեց, որ նաև սփյուռքի ներկայացուցիչները ցուցադրեն իրենց կարողությունները։
«Արծվիկը սեփական ուժերով կարողացավ հաղթահարել բոլոր փուլերը և հաղթել։ Առաջին անգամ էր, որ ընտրությունն այսքան երկար տևեց, և հաղթեց մի երգչուհի, որին թիմը չէր ճանաչում և շատերը չէին ճանաչում նաև Հայաստանում»,- ասաց Գասպարյանը։
«Fly with me» երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն էլ նշեց, որ երգը գրելիս փորձել է արտիստին առավելագույնս շահավետ ներկայացնել` օգտագործելով նրա ձայնային հնարավորությունները։
«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: