ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը՝ հետմահու, 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։