ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ցուցիչը: Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Մեր երկրին նախորդում է Բենինը (պետություն Արևմտյան Աֆրիկայում), հաջորդում է Մոլդովան։
Հայաստանն այս ցուցիչում դիրքերը զիջել է հինգ հորիզոնականով:
Թուրքիան 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստանը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
Հայաստանի մասին նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, համացանցում ծաղկում է հետաքննական լրագրությունը, սակայն բազմակարծությունը կաղում է հեռուստամեդիայում: Հիշատակվում է նաև 2016 թվականի հուլիսին ցույցերը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները:
Լավագույն ցուցանիշն ունեցող 5 երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդեռլանդները:
Ցուցակը եզրափակում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան:
