ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանի «Փյունիկը» երեկ կիսաեզրափակչի պատասխան խաղում նույնպես հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ, իսկ այսօր «Շիրակ»-«Գանձասար» խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը: Շնորհիվ առաջին խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակի՝ եզրափակիչ դուրս եկավ «Շիրակը»:
Գյումրիում ապրիլի 26-ին կայացած խաղում «Գանձասար-Կապանը» հաշվի մեջ առաջ է անցել խաղի 40-րդ րոպեին, երբ Լուբամբո Մուսոնդան 11 մետրանոց հարվածով բացել է խաղի հաշիվը: Սակայն դաշտի տերերը խուսափել են պարտությունից երկրորդ կեսում: Վասպուրակ Մինասյանի ինքնագոլը եզրափակիչ է դուրս բերել գյումրեցիներին:
«Փյունիկը» գավաթի խաղարկություններում հաղթանակների թվով ամենահաջողակ թիմն է: Երևանյան ակումբը եզրափակիչ է դուրս եկել տասը անգամ ու ութ անգամ դարձել գավաթակիր: Իսկ ահա «Շիրակը» երկար ժամանակ չէր կարողանում նվաճել Հայաստանի գավաթը: Մինչև 2012 թվականը թիմը հինգ անգամ դուրս գալով եզրափակիչ՝ բոլոր խաղերում էլ պարտվել էր: Վեցերորդ փորձը հաջողվեց: Գյումրիում կայացած եզրափակիչ խաղում «Շիրակը» 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին»:
Գավաթի խաղարկության եզրափակիչներում «Փյունիկն» ու «Շիրակը» հանդիպելու են առաջին անգամ: Եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում: