ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) հատուկ տեխնիկական շարժակազմն ամեն չորեքշաբթի շրջայց է իրականացնում հայաստանյան երկաթգծի գրեթե բոլոր ուղղություններով: Նպատակը երկաթուղու անվտանգ աշխատանքը խոչընդոտող սպառնալիքներն արձանագրելն է ու հնարավորինս արագ վերացնելը: Իրականում, սակայն, վտանգներն ավելի շատ արձանագրվում են, քան վերացվում:
Անվտանգության հերթական շրջայցի ժամանակ այսօր ՀԿԵ-ի աշխատակիցներից ու ղեկավարությունից բացի մասնակցում էին նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Երթուղին անցնում էր Նորագավիթ, Սպանդարյան, Պռոշյան, Եղվարդ, Աբովյան, Քանաքեռ և Ալմաստ կայարաններով:
Երկաթուղու աշխատանքը խոչընդոտող առաջին խախտումները նկատվեցին գնացքի շարժվելուց րոպեներ անց, ճանապարհին կից առաջին իսկ համայնքների տարածքում. շինարարական ու կենցաղային աղբ, գնացքի գծերին կից շարված շինանյութեր ու բետոնե սալիկներ:
«Պատկերացրեք, որ գնացքը հանկարծ կպավ սրան, ու առաջին վագոնն ընկավ, հետևից էլ` մնացած վագոնները: Այս ամբողջ թաղամասը կվերանա: 40-60 կմ/ժամ արագությամբ ընթացող 2500 տոննանոց գնացքը պատկերացրեք, թե ինչ ավերածություններ կգործի»,- ասում է Լևոն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է երկաթուղու ճանապարհի ամբողջ երկայնքով թափված աղբին, երկաթուղու ղեկավարությունն այս հարցով պարբերաբար դիմում է համայնքային ու հանրապետական իշխանություններին, բայց որևէ արդյունքի չի հասնում: ՀԿԵ անվտանգության բաժնի պետի տեղակալ Գարուշ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկաթուղու անվտանգության ծառայությունն ամբողջ օրը զբաղված է միայն բնակիչների թափած աղբը մաքրելով, բայց դարձյալ չի հասցնում նրանց հետևից:
«Մեքենավարն անցնելուց մեզ ահազանգում է, որ այսինչ հատվածում աղբ կա, գալիս ենք, բնակիչների հետ խոսում ենք, ասում են` չգիտենք որտեղից է, ինչպես է հայտնվել այստեղ: Մենք, ցավոք, իրավունք չունենք քաղաքացիների դեմ պայքարելու, դրա համար կա ոստիկանություն, որը պետք է վերահսկի ու պատասխանատվության ենթարկի նրանց»,- ասաց Գարուշ Եղիազարյանը:
Իսկ Պռոշյան գյուղի տարածքում թափված աղբը մաքրելու և մաքրությանը հետևելու պահանջով երկաթուղայինները դիմեցին գյուղապետ Արթուր Մուրադյանին: Վերջինը շտապեց անձամբ տեսնել իր ղեկավարած համայնքի անօրինական աղբանոցները և հայտարարեց՝ աղբը նոր չէ, խորհրդային տարիներից է մնացել, բայց մաքրելու համար գյուղը միջոցներ չունի:
«Եթե մեզ մի քիչ ֆինանսավորեն, մենք ամեն ինչ էլ կկատարենք»,- վստահեցրեց գյուղապետը:
Երկաթգծի` օրենքով սահմանված անվտանգության գոտին 20 մետր է: Նշանակում է, որ գծի աջ և ձախ կողմերից 20 մետր տարածության վրա արգելվում է ցանկացած շինության կամ այգի հիմնումը: Հայաստանում, սակայն, հողազավթման սովորույթը հասել է նաև այս տարածքներին: Երևանի Քանաքեռ- Զեյթուն համայնքում գտնվող Ալմաստ կայարանի հարևանությամբ գտնվող գերեզմանատունն, օրինակ, ՀԿԵ-ի ղեկավարության խոսքով, պարբերաբար առաջ է տալիս իրեն հատկացված տարածքի սահմանները:
ՀԿԵ անվտանգության գծով փոխտնօրեն Լևոն Հակոբյանը պատմեց, որ այս հարցով բազմիցս դիմել են գերեզմանատան տնօրինությանը։
«Գերեզմանոցը Երևանում, ինչպես գիտեք, թանկ արժե, դրա համար աստիճանաբար առաջ տալով` արդեն հասել են մեր տարածքին: Գնացքն այս տարածքով չի կարողանում անցնել»,- ասաց Լևոն Հակոբյանը՝ հավելելով, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, որպես երկաթուղու անվտանգության երաշխավոր ստիպված կլինի արգելել գնացքների շահագործումը մինչև անվտանգության գոտին ազատվի:
ՀԿԵ-ի ղեկավարությունը միայնակ ի զորու չէ լուծել աղբահանության, ապօրինի կառուցապատման, հողազավթման, հետևաբար նաև անվտանգության խնդիրները: ՀԿԵ ենթակառուցվածքների ղեկավար Ալեքսանդր Կոնովալովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները երկաթուղով չեն երթևեկում և չեն տեսնում տիրող վիճակը:
«Ես երթևեկում եմ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով, ավտոմոբիլային ճանապարհներին ես այսպիսի անշնորհքություն չեմ տեսել: Մարդիկ երևի աղբը երկաթգծի վրա են թափում, որովհետև իշխանությունները երկաթուղով չեն երթևեկում»,- ասաց Կոնովալովը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անցած շաբաթվա նիստում անդրադարձել էր ավտոճանապարհների հարակից հատվածներում գոյացած աղբանոցների խնդրին՝ պատկան կառույցներին հանձնարարելով վերացնել դրանք: Երկաթուղում հույս ունեն, որ վարչապետի հանձնարարականը չի շրջանցի նաև երկաթգծի մոտ գոյացած աղբանոցները: