ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով: Ջանջուղազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանն այսօր բավարարել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, ապրիլի 22-ին, ժամը 17:15-ի սահմաններում Գյումրիյում դանակահարության հետևանքով մահացել էր 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը: Դեպքից որոշ ժամանակ անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 21-ամյա Արման Ջանջուղազյանը:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ վերջինը հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հայտնի է նաև, որ Ջանջուղազյանն անցյալ տարի նոյեմբերին զինծառայության մեջ լինելով, ածելիով ինքնավնասում է կատարել՝ ձախ նախաբազկի շրջանում: Տեղի ունեցածի հետևանքով նրան հոսպիտալացրել են, որից հետո ինքնավնասում է կատարել հիվանդասենյակի զուգարանում:
Մասնագիտական հետազոտման ենթարկելու համար Ջանջուղազյանին տեղափոխել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:
Կատարված փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արման Ջանջուղազյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ, ինչի հետևանքով Ջանջուղազյանը զինվորական ծառայությանը ճանաչվել է ոչ պիտանի և այդ հիմքով այս տարի մարտի 9-ին զորացրվել:
Ի դեպ, Ջանջուղազյանն արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա մեղադրվում է զորամասում ոչ կանոնադրային հարաբերությունների և քնած ծառայակցին աթոռով հարվածելու համար:
Ջանջուղազյանի անձի հետ կապված այլ լուրերը, մասնավորապես, որ վերջինը Հայաստան է տեղափոխվել Հունաստանից, բնակվելով Ստեփանավանում, դեպքի օրը եկել է Գյումրի և որ մահմեդականություն է դավանում, Սոնա Տռուզյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ «նախաքննական մարմինն ուսումնասիրում է բոլոր վարկածները»: