ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1681 թվականին, վերականգնվել 2 դար անց և գործում է մինչև օրս: Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգակատուն, բայց 1940 թվականին այն ավերվել է կայծակից:
Եկեղեցին, ինչպես վկայում են պատմական աղբյուրները, կառուցել է Ուստա Բադամը՝ համայնքի միջոցներով։ 2015 թվականին մի բարերարի աջակցությամբ նոր խաչ է օրհնվել ու տեղադրվել եկեղեցու գմբեթին:Բայց 300 տարեկան եկեղեցին հիմնանորոգման կարիք ունի:
«Եկեղեցու տանիքը վթարային վիճակում է, և մեր դիմումն է պատկան մարմիններին, որ այս հարցը լուծվի, որովհետև համայնքը ակտիվ է, ակտիվ այցելում է եկեղեցի»,- ասաց Խաչիկ գյուղի հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագը:
Արսեն սարկավագը ոչ միայն գյուղի, այլև գյուղի հարևանությամբ գտնվող սահմանապահ զորամասի հոգևոր սպասավորն է: Նա նշում է, որ զինծառայողներն էլ են կիրակի օրերին եկեղեցի գալիս՝ պատարագին մասնակցելու:
Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, բայց մշակույթի նախարարությանը հասցեագրված նամակներին ի պատասխան այս գերատեսչությունից հայտնում են, որ եկեղեցին վերանորոգելու համար բյուջեյում գումար չկա:
«Որքան այս հարցը չի լուծվում, այնքան խնդիրները գնալով խորանում են, և ցանկացած պահի եկեղեցու հյուսիսային պատը կարող է փլվել, որովհետև տանիքից անձրևաջրերն անընդհատ ներծծվում են կառույցի մեջ»,- իր մտավախությունն է հայտնում Արսեն սարկավագը:
Եկեղեցու ներքին կահավորումն ու պարագաներն էլ եկեղեցուն նվիրաբերել են համայնքի բնակիչները՝ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալով գյուղի և գյուղը խաղաղ պահող զորամասի հոգևոր միասնության կայացման գործում:
Այսօր գյուղն ու զորամասը մեկ միասնական միավոր են, ցանկացած պահի պատրաստ են աջակցել միմյանց, վստահեցնում է Խաչիկի և զորամասի միակ հոգևոր սպասավորը:
«Նույնիսկ եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, նրանք միասնական են»,- ասաց հոգևորականը։