ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև այսօր` ապրիլի 25-ին, ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Բացի այդ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: