ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-ի համերգում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Սերժ Թանկյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից:
Համերգը ղեկավարում են դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը։
«Այս նախագիծը ցույց է տալիս, թե որքան տաղանդավոր հայորդիներ կան աշխարհում, ինչ մեծ ներուժ ունի հայ ժողովուրդը։ Եվ այդ ներուժը համախմբվելով՝ կարող է ցանկացած նպատակ կյանքի կոչել, ցանկացած խնդրի լուծում տալ։ Սա միասնականության լավագույն օրինակ է։ Վստահ եմ՝ Համահայկական նվագախումբը մեծ նվիրումով է ներկայացնելու աշխարհին Հայաստանն ու հային»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը մեր մշակութային իրականության ձեռքբերումներից է։