ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան ակադեմիական երաժշտական թատրոնում օրերս «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությամբ եզրափակվել է թատերական փառատոնը: Այս մասին հայտնում է hayernaysor.am-ը։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը «Լավագույն տղամարդ- դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի:
Ավետիսյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 2013թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին:
Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդո), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Դոն Խոսե) և այլն: Երգացանկում եղել է նաև Մոցարտի, Վերդիի Ռեքվիեմները և այլ դասական երկեր: 2014թ. մասնակցել է Մ.Մագոմաևի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը` արժանանալով դրամական պարգևի, ուղևորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաև «Օրֆեյ» ռադիոկայանի կողմից ճանաչվել է լավագույն կատարող: