ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. «Սպայկա» ընկերությունը կարող է Ռուսաստանի բնակչության 70 տոկոսին ապահովել արտահանվող մթերքների ներկայացվող շարքով։ Այս համոզմունքը հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով` աշխատանքը տարվում է երկու հարթակում` մեծածախ ու մանրածախ։ Այս պահին ընկերությունն արտահանում է սեփական արտադրության հյութեր ու պահածոներ, ջերմոցային մթերքներ։ Բացի այդ, արդեն պայմանագրեր են կնքել Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր Ռուսաստան արտահանելու համար։ Մյուս կողմից ընկերությունը շարունակում է մնալ որպես տրանսպորտային սերվիս նաև այլ ընկերությունների համար։
«Մեծածախ հարթակում մեր անմիջական մատակարարներն են ներկայացված, և մեր վարձակալված պահեստներում է տեղի ունենում ամբողջ վաճառքը։ Մյուս հարթակը մանրածախն է, որտեղ ֆեդերալ մակարդակի և ռեգիոնալ մանրածախ ցանցերն են»,-ասաց Բաղդասարյանը։
Ռուսաստանում «Սպայկայի» հիմնական կենտրոնները Կրասնոդարում և Մոսկվայում են, մյուս շրջաններն էլ սնվում են այդ երկու բազայից։ Ռուսաստանի բնակիչների համար արտադրանքն այստեղից արտահանվում է «Արարատ ֆրուտ» ապրանքանիշի ներքո, որը, մեր զրուցակցի խոսքով, որակի ցուցիչ է։ Պատահական չէ, որ սուպերմարկետներում նրանց արտահանած հայկական գյուղմթերքը ենթարկվում է համապատասխան փորձաքննության և վաճառվում «բիո» մակնշման ներքո։
Նախորդ տարի Ռուսաստանը խաղողի մեծ պահանջարկ է ներկայացրել Հայաստանին։ Վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է ջերմոցային ապրանքների նկատմամբ պահանջարկը։
«Հայաստանում արտադրվում է 85 հազար տոննա ծիրան, որից 25 հազար տոննան միայն Ռուսաստան է արտահանվում։ Ռուսաստանին հետաքրքրում է այն ամենը, ինչի պակաս կա երկրում»,-ասաց Կարեն Բաղդասարյանը։
Կարեն Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորությունների իրացման լայն դաշտ բացեց։
«ԵԱՏՄ մտնելով` մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը հասցվեց նվազագույնի, և այսօր հնարավոր է 1-2 տոննա տարողությամբ մեքենաներով ձևակերպել արտահանումը ֆերմերի անձնական անունով, առանց մաքսազերծման տանել, վաճառել բաց շուկայում»,-ասաց նա։
«Սպայկա» ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է։
Մայիսի կեսերից մեկնարկելու է ընկերության «Արմզոն» ծրագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին, առանց միջնորդների ու սուպերմարկետների, անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները:
2016թ. դրությամբ «Սպայկայի» ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար։