ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու ծրագիր է առաջարկել` զինծառայության թեմայով։ Այդ մասին նա խոսել է այսօր «Ազգ-Բանակ — 2017» համաժողովի ընթացքում։
Առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Բուհերի այն ուսանողները, որոնք կորոշեն օգտվել այդ ծրագրից, բանակից տարկետում կստանան` բակալավրիատում ուսումը շարունակելու համար։ Ուսման ավարտին նրանք լեյտենանտի կոչումով կանցնեն զինծառայության` երեք տարի ժամկետով։ Ծառայության ընթացքում նրանք աշխատավարձ կստանան։
Ժամկետային ծառայության վերջում ուսանողները ֆինանսական օգնություն կստանան`մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար։
Սարգսյանի խոսքով` ծրագրի նպատակը վստահելի ռեզերվի ապահովումն է։
Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Նախատեսված է այն զինակոչիկների համար, որոնք կցանկանան ծառայել առաջնագծում։ Այդ դեպքում նրանք կանցնեն ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային։ Համաձայն այս ծրագրի՝ ժամկետային-պայմանագրային զինծառայությունն ընտրած նորակոչիկների հաշվին ծառայության ավարտին՝ 3 տարի անց, կփոխանցվի 5 մլն դրամ, որը նրանք կկարողանան օգտագործել բնակարան ձեռք բերելու, փոքր ֆերմա ստեղծելու կամ ուսման վարձը վճարելու համար։
«Տվյալ ծրագրերը հանրային քննարկման առարկա կդառնան», — հայտնել է Սարգսյանը։
Երևանում, ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը նվիրված է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին։ Համաժողովի շրջանակում ապրիլի 21-ից 23-ը Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի տարածքում ցուցահանդես է գործելու, որը այցելուներին կներկայացնի տեղական ուսումնական հաստատությունների ծրագրերը, նախագծերը և ձեռքբերումները։ Ներկայացված կլինեն նաև ռազմական տեխնիկայի և ռազմաարդյունաբերության նմուշներ։