ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Տվյալ անձը ապրիլի 16-ին ժամը 9։30-ի սահմաններում իր բնակության վայրից դուրս էր եկել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ առկա չէին, որի կապակցությամբ նրա հրամանատարներն ապրիլի 18-ին հաղորդում էին ներկայացրել Շիրակի ոստիկանության «Մուշի» բաժին:
Հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության աշխատակիցները կատարում էին օպերատիվ հետախուզական և որոնողական ակտիվ աշխատանքներ, որի արդյունքում 19.04.2017 թվականին տվյալ անձը հայտնաբերվել է Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկի բակում:
«Ոստիկանության աշխատակիցները պատահական բակում տեսնելով ու ճանաչելով նրան՝ մոտեցել ու հայտնել են, որ ինքը որոնվում է: Դրանից հետո վերջինս սեփական կամքով, ոստիկանների ուղեկցությամբ, գնացել է ոստիկանության «Մուշի» բաժին, որտեղ պատմել է, որ գտնվել է ծառայակիցներից մեկի բնակարանում. ընդամենը ցանկացել է 2 օր բնակվել այնտեղ: Նրա վրա որևէ տեսանելի վնասվածք չեն հայտնաբերել, եղել է սթափ վիճակում, ավելին, զրույցի ընթացքում հավելել է, որ իր նկատմամբ որևէ մեկի կողմից սպառնալիք, դաժան վերաբերմունք կամ այլ անօրինակ գործողություն չի կատարվել», —նշեց Կարեն Գաբրիելյանը:
Չնայած, որ Լոշմանովի վրա տեսանելի վնասվածներ չեն հայտնաբերվել, այդուամենայնիվ, իրավապահ մարմինները նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:
«Հայտնաբերման օրը զինծառայողը ալկոհոլի ազդեցության տակ չի գտնվել նա գտնվել է սթափ վիճակում»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ այս ընթացքում հայ իրավապահներն իրականացրել են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնք արդյունավետ են եղել և նշված անձը հայտնաբերվել է:
Ամեն դեպքում, Լաշմանովի հայտնաբերման փաստը պատճառ չէ նյութերի նախապատրաստման դադարեցման գործընթացի համար:
«Եղել է հաղորդում անհետացման վերաբերյալ, արվում է դատաբժշկական փորձաքննություն, կան անձիք, որոնցից նույնպես պետք է բացատրություն վերցնել, որից հետո նոր մենք համապատասխան իրավական եզրահանգում կկատարենք: Տվյալ պահին նյութերը գտնվում են նախապատրաստական փուլում»,- ավելացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը, 3 օր առաջ Գյումրու ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է։ Նրա անհետացման մասին ոստիկանության «Մուշի» բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։