ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Երեկ` ապրիլի 19-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:
Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: